Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Կան լավ մասնագետներ, կան ոչ այնքան, և կան այնպիսիք, որոնք իրավունք չունեն նույնիսկ դասավանդելու»

«Կան լավ մասնագետներ, կան ոչ այնքան, և կան այնպիսիք,  որոնք իրավունք չունեն նույնիսկ դասավանդելու»
09.10.2014 | 19:47

Մշակութային կրթության ոլորտն ունի ռազմավարական նշանակություն և մշակույթի նախարարության քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է: Այս մասին «Իրատես de facto» ակումբում ասաց մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ ԼԻԼՅԱ ՆԻԿՈՅԱՆԸ, նշելով, որ ոլորտը բարելավելու համար նախարարությունը իրականացնում է նպատակային բազմաթիվ ծրագրեր ու միջոցառումներ: Որպես օրինակ, դեռևս 2007-ին հաջողությամբ իրականացվել է ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների ազգային, լարային, փողային գործիքների ուսուցման ծրագիրը, ինչի շնորհիվ ամեն տարի ավելի քան 2000 երեխա անվճար ուսուցման հնարավորություն է ստանում: Ծրագրի շնորհիվ վերաբացվել են մեծ թվով բաժիններ երաժշտական և արվեստի դպրոցներում:

«Կարևորվում է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների բացահայտումը: Ստեղծվել է տեղեկատվական բանկ, և այդ երեխաները պարբերաբար մասնակցում են տարբեր միջոցառումների: Հոկտեմբերի 13-ին, օրինակ, մեկնարկում է ավանդական դարձած «Սպիտակ ձեռնափայտ» փառատոնը, որն իրականացնում է Դիանա Գուրցկայան, և մեր երեխաները մասնակցելու են այդ միջոցառմանը»,- հավելեց Լիլյա Նիկոյանը:
2013-ից մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող աննախադեպ ծրագրի մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր ԱՐՄԵՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԸ: Նրա փոխանցմամբ` նոր ծրագիրը կոչված է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տաղանդավոր կատարողների բացահայտմանն ու զարգացմանը: Նախընտրական դժվարին փուլ անցած 10-20 տարեկան 15 երիտասարդ երաժիշտներն ընդգրկվել են ծրագրում` դաշնամուր, ջութակ և թավջութակ մասնագիտություններով:
«Ամեն տարի հրավիրյալ մասնագետների և խորհրդատուների հետ քննարկում ենք նրանց հաջողությունները, աճը և նորից անցկացնում ենք լսումներ: Նրանք, ովքեր տարվա ընթացքում չեն արդարացնում իրենց (որովհետև տաղանդ ունենալը դիագնոզ չէ, պետք են նաև շատ ուրիշ նախադրյալներ՝ երաժիշտ դառնալու համար), փոխարինվում են, գալիս են նորերը: Մենք հույս ունենք, որ 3-4 տարվա ընթացքում կունենանք 15 երեխաների ցուցակ, ովքեր, իրոք, համապատասխանում են «բացառիկ տաղանդ ունեցող երիտասարդներ» անվանմանը»,- ասաց պրոֆեսոր Բաբախանյանը: Ի դեպ, որոշ փոփոխություններ արդեն եղել են: «Բացառիկ տաղանդները» մայրաքաղաքից են, ինչպես նաև Արցախից և հայաստանյան մարզերից` Գավառից, Գյումրիից, Արարատից, Աբովյանից: Նրանց հետ աշխատում են լավագույն մասնագետները, նրանց հնարավորություն է տրվում ելույթ ունենալու հայաստանյան լավագույն բեմերում և ոչ միայն, հովանավորվում է նաև մասնակցությունը միջազգային վարպետության դասերին, միջազգային մրցույթներին և այլն:
Մշակույթի նախարարության աշխատակիցը հավելեց, որ ծրագիրը շարունակական է, իր բնույթով ամենօրյա աշխատանք է. «Մենք երեխային բուն դպրոցից չենք հանում, եթե նա սովորում է Կոտայքի մարզում, մնում է իր դպրոցում և ուսուցչի հետ է ընդգրկվում այդ ծրագրում: Հրավիրյալ մասնագետները և խորհրդատուները շաբաթը երկու անգամ երեխայի հետ անցկացնում են դաս, որին ներկա է լինում ուսուցիչը»:
Ինչ վերաբերում է մշակութային կրթության ոլորտի խնդիրներին, Լիլյա Նիկոյանի խոսքով, խնդիրներից մեկը օրենսդրական դաշտի կարգավորումն է` արվեստի և երաժշտական դպրոցների կարգավիճակի վերաբերյալ: «Նախարարությունը ներկայացրել է նախագիծ կրթության և գիտության նախարարությանը: Այդ դպրոցների համար մենք ուզում ենք սահմանել նոր կրթական տիպ, ինչպես որ կան հանրակրթական դպրոցներ, միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններ»,- ասաց նա:
Բանախոսը առանձնացրեց նաև երաժշտական գործիքների մաշվածության խնդիրը, փաստելով սակայն, որ 2013-ին մեկնարկել է նոր ծրագիր, որով քայլ առ քայլ փորձում են լրացնել այդ բացը: «Քսան տարուց ավելի դպրոցները պետականորեն չեն համալրվել երաժշտական գործիքներով, իսկ եղած գործիքների մաշվածությունը բացասաբար է անդրադառնում ուսումնական գործընթացի վրա: Արդեն անցյալ տարի տրամադրել ենք գործիքներ, ծրագիրը կլինի շարունակական»:
Արմեն Բաբախանյանի խոսքով` մարզերում խնդիրներից մեկը դասախոսական կազմն է, որը բավական թերի է։ «Կան լավ մասնագետներ, կան ոչ այնքան, և կան այնպիսիք, որոնք իրավունք չունեն նույնիսկ դասավանդելու: Դա պրոցես է, որ բավական դժվար է վերափոխելը, մենք փորձում ենք օգնել, որ գոնե մեր տաղանդավոր երեխաները «չսպանվեն» այնտեղ: Եվ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել. միայն մեր գիտելիքով»,- ասաց նա:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 28316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ